10/09/2019 11:51
Ռուսաստանից ձեռք բերվող զենքի գինը անհամեմատ է այն գների հետ, որով այդ երկիրը վաճառում է երրորդ երկրներին. ԱԳ փոխնախարար
Այսօր Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ որոշակի սահմանափակումներ դնել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից երրորդ երկրին զենք վաճառելու հարցում։
Պատգամավորը նկատի ուներ ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանի, Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։
«Մենք տեսանք՝ ինչ եղավ 2016-ի ապրիլին, Աստված մի արասցե, որ կրկնվի նման բան։ Բայց ո՞րն է պաշտոնական դիրքորոշումը, քայլեր արվո՞ւմ են սահմանափակումներ դնելու ուղղությամբ», - փոխարտգործնախարարից հետաքրքրվեց պատգամավորը։
Փոխնարարն ի պատասխան նկատեց, որ կարելի է փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց մեծ խոչընդոտներ կարող են առաջանալ։
«Բայց մի բան ասեմ՝ ՀԱՊԿ-ում կա պայմանագրային դրույթ, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությանը նույն զինատեսակները գնել ավելի մատչելի գներով, և Հայաստանի դեպքում դա կիրառվում է։ Այդպիսի դրույթ մենք ունենք երկկողմանի՝ և Ռուսաստանի, և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Այն, ինչ մենք ձեռք ենք բերում, իհարկե, անհամեմատ է այն գների հետ, որով Ռուսաստանը վաճառում է երրորդ երկրներին», - հավելեց Քոչարյանը։