10/09/2019 17:37
Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա համաժողով
Երևանում է Ռազմական սպորտային միջազգային խորհրդի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ գնդապետ Շվեդենի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում գնդապետ Շվեդենի և գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան ներկայացրեցին ՌՍՄԽ-ի գործունեությունն ու նպատակները:
Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն:
«Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսով գործող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում, կազմակերպել տարբեր մրցություններ, որտեղ միմյանց կհանդիպեն տարբեր երկնրերի զինված ուժերի զինծառայողները, կմրցեն տարբեր մրցասպարեզներում առանց զենքի և ոչ մարտի դաշտում։ Նպատակներից մեկն էլ զինվորական և քաղաքացիական ապագա առաջնորդների համար ապահովել մշակութային իրազեկվածություն մյուս երկրերի վերաբերյալ, ինչը կնպաստի աշխարհում լարվածության նվազմանը։
«Որքան մարդիկ շատ են ճանաչում միմյանց, այնքան նվազում է հակամարտությունների հնարավորությունը»,- նշեց գնդապետ Շվեդենը:
Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն անցկացնում է 20 առաջնություն, իսկ 4 տարին մեկ համաշխարհային խաղեր: