11/09/2019 13:52
Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել. Կոպիրկինը՝ Միհրան Պողոսյանի մասին
Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, դա չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելուն։
«Իսկ ի՞նչ է, Պողոսյանը ստացե՞ լ է քաղաքական ապաստան։ Ես չունեմ նման ինֆորմացիա։ Իմ տեղեկություններով՝ ընթանում է իրավական գործընթաց», - ասաց նա։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում, Կոպիրկինը զերծ մնաց գնահատական տալուց։
«Պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը», - նշեց նա։
Հարցին՝ կարելի է կարծել, որ Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը յուրօրինակ մեսիջ է նոր իշխանություններին, Կոպիրկինը արձագանքեց. «Միակ մեսիջը, որ կա, այն է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք»։