11/09/2019 16:00
Ինչ ազդեցություն կունենա Բոլթոնին աշխատանքից հեռացնելը հայ-իրանական հարաբերությունների վրա
Իրանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն Միացյալ Նահանգներում, կարծես թե, չի նկատվում։ Դեպի այդ երկիր տարբեր մեսիջներ են հղվում առ այն, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել և որոշակի հարաբերություններ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս ամենի ֆոնին, բնական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է աշխատանքից ազատեր ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ Բոլթոնից դժհոգությունը բավական մեծ է թե աշխարհում, և թե ԱՄՆ-ում։
Անդրադառնալով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ավելի վաղ Հայաստան կատարած այցին և այդ այցի ընթացքում վերջինիս արած այն հայտարարությանը, որ «Իրանի շուրջ օղակը պետք է սեղմել», մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք Բոլթոնի հրաժարականով հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ կոշտ մեսիջները կչեղարկվեն։
«Բոլթոնն ամենակոշտ դիրքորոշումն ուներ Իրանի և ոչ միայն Իրանի նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, Վենեսուելայի մասին է, որտեղ, չնայած ակտիվ գործողություններին, շարունակում է իշխանության մնալ Նիկոլաս Մադուրոն։
Ինչ վերաբերում է հայ-իրանական թեմային, ապա այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե նախագահ Թրամփն ինչ կորոշի։ Եթե նրա մոտ ցանկություն կա բանակցելու Իրանի հետ, ապա նրա այս որոշումը փոփոխման ենթակա չի լինի, և երբ սկսի աշխատել անվտանգության հարցերով հաջորդ խորհրդականը, նա պետք է առաջ մղի այս և մյուս բոլոր առաջնահերթությունները», - կարծիք հայտնեց Սուրեն Սարգսյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին, քանի որ համաձայն չէ մի շարք հարցերի շուրջ վերջինիս դիրքորոշումների հետ:
«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ՝ նույնպես: Այդպիսով, խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ», - ասված է ԱՄՆ նախագահի գրառման մեջ: