11/09/2019 19:56
Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հաստատել է նոր կառավարության կազմը
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն չորեքշաբթի պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն: Այդ կապակցությամբ հանդիսավոր արարողությունն անցկացվել է Տոկիոյի կայսերական պալատում, հայտարարել է Ճապոնիայի կայսերական պալատի գործերի վարչությունը:
Ճապոնիայի Սահմանադրության համաձայն, կայսրը հաստատում է վարչապետի ներկայացրած նախարարների նշանակումը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի 2012 թվականից ի վեր ամենաընդգրկուն վերադասավորումներն է անցկացրել երկրի կառավարությունում: Ընդհանուր առմամբ ճապոնական կառավարության ղեկավարը փոխել է 13 գերատեսչությունների, ներառյալ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության և էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարարության ղեկավարների:
Նախարարների կաբինետում իրենց դիրքերը պահպանել են միայն երկու հոգի՝ ֆինանսների նախարար Տարո Ասոն և նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, որոնք անփոփոխ կերպով Աբեի կառավարության կազմում տեղ են գտել 2012 թվականի դեկտեմբերին նրա՝ իշխանության գալու պահից ի վեր: