11/09/2019 15:14
Իրանում Ավստրալիայի քաղաքացիներ են ձերբակալվել
Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացի, որոնցից երկուսը նաև բրիտանական անձնագիր ունեն, հայտնել է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածներից մեկն ավստրալական համալսարանի կին դասախոս է: Զրուցակիցները նշել են, որ նա ձերբակալվել է մի քանի ամիս առաջ:
Մյուս երկու ավստրալացիները՝ բլոգեր կինը և նրա ամուսինը, ձերբակալվել են մի քանի շաբաթ առաջ երկրում ճամփորդելու ընթացքում: Հաղորդվում է, որ երկու կանայք պահվում են Թեհրանի «Էվին» բանտում: Տղամարդու գտնվելու վայրը հայտնի չէ:
Չնայած ձերբակալվածներից երկուսը երկքաղաքացիություն ունեն, ավստրալական կառավարությունը Թեհրանի հետ բանակցություններ է վարում բոլոր երեք ձերբակալվածների ազատման պայմանների շուրջ:
Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ դեպարտամենտը «հյուպատոսային օգնություն է ցուցաբերում այն երեք ավստրալացիների ընտանիքներին, որոնց ձերբակալել են Իրանում»:
Նա հրաժարվել է հետագա մեկնաբանություններից։