11/09/2019 18:36
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը անցել է 600 հազարը. Նիկոլ Փաշինյան
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացրած պարտադիր վճարումները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գերազանցել են 347.8 մլն դրամով կամ 9.6 տոկոսով, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս աճը պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի ավելացմամբ։
Շարունակելով ներկայացնել վիճակագրությունը, վարչապետը տեղեկացրեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4 տոկոսով։
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ում գրանցած աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը և հուլիսի 31-ի տվյալի համաձայն, այդ թիվը հասել է 604 հազարի։ Նախորդ տարվա մայիսից ի վեր, պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը ավելացել է 63 հազարով։ Սրանք այն տվյալներն են, որոնք գործատուները ներկայացնում են Պետական եկամուտների կոմիտե», -հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։