12/09/2019 15:11
Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին ազատ արձակել նրան. Տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում ՀՀ նախկին նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդեց վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
Նա ներկայացրեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի հիման վրա էլ պնդեց, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։
«Կարծում եմ, որ ակնհայտ իրողություն է, որ գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները։ Եվ ՍԴ-ն այս որոշմամբ տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար օրենսդրության քաղաքականության շրջանակներում։ Բայց մենք գտնվելով հարգելի դատարանի առջև, ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որը ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում», - միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ամբաստանյալ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է պաշտպանի ներկայացրած միջնորդությանը, ինչին ամբաստանյալը դրական պատասխան տվեց ու հայտարարեց, որ իր իրավունքներչը վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես խախտվել են։
«Տպավորությունն այնպիսին է, որ որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Այնքան շատ են եղել խախտումները, որ դրանք սիստեմատիկ բնույթ են կրում, սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդման էլեմենտ է պարունակում, սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում և Հայաստանում նախագահ է եղել։ Մեկ-մեկ մտածում ես՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են չարաշահումներ թույլ տալ ... դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզում, պտտեցնում են։ Իմ տպավորությամբ, սա Հայաստանի պատմության մեջ խայտառակ քրեական գործ է, դասագրքերում է նշվելու այս գործի մասին, այն ունենալու է իր բացասական ու դրական հերոսները։ Չեմ պատկերացնում՝ ով է լինելու բացասական հերոսը, որը ևս գրում է մեկ էջ այդ քրեական գործի պատմությանը։ Թե ինչպիսին կլինի այդ էջը, կախված է ձեզանից», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նախ հայտարարեց, որ Սահամանդրական դատարանի որոշումները չեն մեկնաբանվում ու առարկեց ներկայացված միջնորդությանը։
Պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիության հարցը այս գործով, ըստ դատախազի, քննարկվել է ու տրվել են պատասխաններ։ «Սահմանադրական դատարանի որոշումը այս գործին վերաբերելի չէ։ Պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակին։ Նրան մեղսագրվող արարքները չեն կարող համարվել նրա անձեռնմխելիությունից բխող, հետևաբար Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան», - հայտարարեց Բաղդասարյանը՝ միջնորդելով մերժել խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։
Պաշտպանների ներկայացրած միջնորդությանը առարկեցին նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։