12/09/2019 17:53
Բանկային գաղտնիքի ոտնահարումով կառավարությունը կունենա ազատ ձեռքեր՝ ում որ ուզում է պատին դեմ տալու համար. Բոստանջյան
Տնտեսագետ Վարդան Բոտսանջյանը մեծ սխալ է որակում «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին հավանություն տալու կառավարության այսօրվա որոշումը։
«Սա մեծ սխալ է։ Խոշոր առումով՝ բանկային գաղտնիքը վտանգվելու պարագայում ֆինանսական հոսքերի մեջ առաջանում է մեծ դեֆորմացիա, առաջանում է խեղում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Վարդան Բոստանջյանը նշեց, որ այս ամենը բերելու է ֆինանսական ռեսուրսների ոչ ռացիոնալ տեղաբաշխման։
«Այդ տեղաբաշխումն իրականանում է ֆինանսական ինստիտուտներիւ միջոցով ու, առաջին հերթին, բանկային համակարգի միջոցով։ Բանկային համակարգի կարևորագույն գործունեություն իրականացնող տեղամասերից մեկը բանկային գաղտնիքն է», - ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ բանկային գաղտնիքի ոտնահարումը կամ այս օրենքի շրջանառության մեջ մտնելը նշանակում է, որ և ֆիզիկական, և իրավաբանական անձիք հակված չեն լինի տեղադրել ազատ դրամական միջոցները բանկային խողովակում, որը, վերջինիս խոսքով, հանդիսանում է տնտեսությունը սնուցող կարևորագույն օղակ։
Թե ինչու է կառավարությունը գնում այս քայլին, Վարդան Բոստանջյանն ասաց. «Կառավարությունը գնում է այս քայլին, որ ունենա ազատ ձեռքեր՝ ում որ ուզում է պատին դեմ տալու համար»։
Նշենք, որ այս որոշումով իրավապահներին ոչ միայն մեղադրյալների ու կասկածյալների վերաբերյալ բանկային գաղտնիքի հասանելիություն են տալիս, այլև նրանց հետ փոխկապակցված ցանկացած անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը կարող է տրամադրվել իրավապահներին։