12/09/2019 13:54
Ընթանում է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը. Դատավորին բացարկ չհայտնեցին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այս պահին ընթանում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։ Այս պահին դատարանի դահլիճում են գտնվում գործով բոլոր մեղադրյալները՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Դատական նիստն ընթանում է դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը և ոչ էլ տուժողների ներկայացուցիչները դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չներկայացրին։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ունեն վերապահումներ և իրենց համար դատավոր Դանիբեկյանը չի համարվում անաչառ դատավոր, սակայն սպասում են խափանման միջոցի քննությանը և այդ պատճառով էլ չեն հայտնում բացարկ դատավորին։ «Բացարկի միջնորդությունը կարող է հետաձգել խափանման միջոցի քննությունը», - բացատրեց Ալումյանը։
Դատական նիստի մեկնարկին այս գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ ներգրավվեց փաստաբան Տիգրան Եգորյանը, որը, ըստ էության փոխարինելու է այս գործով նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին։ Դատարանին ներկայացվեցին նաև մեղադրյալները։
Դատական նիստը պարբերաբար ընդմիջվում է, քանի որ հաճախ առաջանում են տեխնիկական խնդիրներ, և դատավորի ու կողմերի ձայնը դահլիճում նստած քաղաքացիներին լսելի չի դառնում։