12/09/2019 14:32
ՀԱՊԿ դռները ոչ ոքի համար փակ չեն, բայց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, հայտարարել է ՀԱՊԿ ղեկավարը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ ոքի համար փակ չեն:
«Եկեք ելնենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված նորմատիվ-իրավական դաշտից: Բոլոր որոշումները, մասնավորապես, այն, ինչ վերաբերում է անդամակցությանը, դիտորդությանը, գործընկերությանը, ընդունվում են կոնսենսուսով: Եթե մեկ անդամ պետության համաձայնություն չլինի, իհարկե, որոշում չի լինի», - ասել է Սեմերիկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությանը:
Ըստ Սեմերիկովի՝ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է նման հնարավորության մասին՝ հիմնվելով այն տեսակետի վրա, որ «մեր դռները ոչ մեկի համար փակ չեն»:
«Ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ դիտորդ, գործընկեր, սակայն կան որոշակի սահմանափակումներ, որոնք ամրագրված են նորմատիվային փաստաթղթերում», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:
Այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա:
«ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Մենք ժամանակին մեկ ընտանիք ենք եղել: Մենք ընդհանուր շատ բան ունենք: Դա վերաբերում է նաև որոշակի հավասարակշռությանը, ասենք՝ բոլոր նախկին հանրապետությունների ռազմական ուժերի: Մենք վարում ենք շատ հավասարակշռված և մտածված քաղաքականություն՝ կապված ՀԱՊԿ բոլոր երկրների և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումը կայացվում է հավաքական:
«Քննարկումներից հետո, եթե Կազմակերպությունը որոշում կայացնի նման անհրաժեշտության մասին, այն կընդունվի կազմակերպության կանոնադրությանը, կանոնակարգին և կանոններին համապատասխան», - ասել է Բորիսովը:
Ըստ նրա, Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտություն սանձազերծմամբ, այլ օգնելու է հակամարտության կարգավորմանը: «Եվ դուք գիտեք, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը և, հատկապես, մեր նախագահը», - ասել է Բորիսովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն այս շաբաթ վավերացրել է Երկրորդ արձանագրությունը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որի համաձայն ՀԱՊԿ-ում ներդրվում են գործընկերության և դիտորդների ինստիտուտներ:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։
«Ամեն ինչ այդքան պարզ է։ Ես ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - դիմելով Բաբաջանյանին՝ հայտարարեց Ռուբինյանը։