12/09/2019 12:36
Մեր քաղաքական որոշումը հստակ է՝ կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Փոխնախարարը նշեց, որ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առչությամբ օրենսդրութունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը:
«Մասնավորապես, քրեական դատավարոււթյան օրենսդրության հիման վրա ներկայումս հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս միջազգային կառույցների կողմից քննադատվել է», - ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Փոխնախարարն ասաց, թե խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրայլին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին:
«Հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավվել որպես մեղադրայլ, հասանելի չեն իրավապահ մարմիններին», - ասաց նա:
Փոխնախարարը նշեց, թե Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյաները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով:
«Մատչելի դարձնել, մասնավորապես, հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձիք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությունից», - ասաց նա:
Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:
«Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարը ընդունելի չէ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե ունեցել են դեպք, երբ իմացել են, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռքբերված գույքը վաճառքի են հանել և այդ գույքը ֆորմալ ձևակերպված է եղել ուրիշի անունով:
«Ըստ էության, մենք իմացել ենք, որ այ, հիմա էդ բանը տեղի է ունենում, բայց էնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամվ, որ մենք պետք է կամ կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կամ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց` իրենց քաղաքական որոշումը հստակ է՝ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու:
Այսպիսով՝ կառավարությունը որոշեց վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սուբյեկտային սահմանափակումը (մեղադրյալ և կասկածյալ) և սահմանել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և վերը հիշատակված տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա: