12/09/2019 18:29
«Սա համահայկական ֆիլմ դառնալու բոլոր հնարավորություններն ունի». «Վերադարձ» ֆիլմի հիմքում իրական պատմություն է. մանրամասնում է սցենարիստը
Շուտով կմեկնարկի իրական պատմության հիմքով հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը, որի գլխավոր դերակատարը երաժշտական բազմաթիվ հաջողություններ գրանցած Յուրի Մելիքովն է: Ֆիլմի սցենարը գրել է Հարություն Ղուկասյանը, ռեժիսորը վերջին տարիներին հիմնականում ռուսաստանյան կինոարտադրողների հետ աշխատող Արման Գևորգյանն է: Գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանն է:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Հարություն Ղուկասյանի հետ:
- Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս ծնվեց այս ֆիլմի գաղափարը, համագործակցությունը:
- Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Գաղափարից մինչև ֆիլմի նախաարտադրական փուլ ընդամենը երկու ամիս է տևել: Թերևս, պատճառը նյութն էր, ասելիքը, որն «այրել» էր թե՛ ինձ, թե՛ ռեժիսորին ու ստեղծագործական ողջ կազմին… Ֆիլմը մասամբ հիմնված է լինելու իրական պատմության հիման վրա: Գլխավոր դերակատարը առայժմ մեր հանրությանը ոչ այդքան ծանոթ Յուրի Մելիքովն է, որը, սակայն, մեծ ճանաչում ունի Հունաստանում և Կիպրոսում… Ֆիլմը միայն գլխավոր հերոսի երաժշտական հաջողությունների մասին չէ: Սա դրամա է, որտեղ միախռնված են մարդկային ճակատագրեր, կարոտ, հայրենիք, հերոսություն, սեր, անձնազոհություն հասկացությունները… Անկեղծ ասած՝ սովորաբար չեմ օգտագործում այս բառը, բայց սա իրոք բացառիկ ֆիլմ է լինելու շատ առումներով: Պատճառներից մեկը թերևս այն է, որ ֆիլմի հիմնական հերոսները սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն են: Մարդկային ճակատագրերն այստեղ միախառնվում են, ստիպում արտասվել և հուսալ... Սյուժետային գծերն անսպասելի հատվում են Կիպրոս-Սիրիա-Հայաստան ճանապարհներին…
- Վերնագիրն է «Վերադարձ». ո՞ւմ վերադարձի մասին է խոսքը:
- Վերադարձ հայրենիք, վերադարձ արմատներին, վերադարձ այնտեղ, ուր քեզ սպասում են: Չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց սա համահայկական ֆիլմ դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Այստեղ կա ամեն ինչ՝ սեր, անձնազոհություն, մարդկային դրամա, ընտրություն, որը փոխում է ճակատագրեր...
- Ովքե՞ր են ընդգրկված դերասանական կազմում: Ի՞նչ սկզբունքով եք կատարել դերասանների ընտրությունը:
- Ֆիլմի դերասանական կազմն ընտրվել է ըստ հերոսների կերպարների համապատասխանության: Բավականին ուժեղ դերասանական կազմ ունենք՝ Ալեքսանդր Խաչատրյան, Սարգիս Գրիգորյան, Դիանա Մալենկո, Լուիզա Ղամբարյան և այլոք: Պետք է ասեմ, որ բոլոր արտիստներն էլ, ծանոթանալով մտահաղացմանն ու սցենարին, սիրով համաձայնեցին մասնակցել այս նախագծին:
- Քանի որ ֆիլմի գլխավոր հերոսը երաժիշտ է, կարծում եմ՝ այս ֆիլմը նաև իր համար գրված հատուկ երաժշտություն կունենա:
- Այո, կռահել եք. ֆիլմի սաունդթրեյքի և երգերի հեղինակը Յուրի Մելիքովն է, որը բացի երգելուց նաև հրաշալի երգեր է գրում ու կատարում: Ֆիլմի ընթացքում նաև հայերեն երգի պրեմիերա կլինի՝ նվիրված հայ զինվորին…
- Գիտեմ, որ նկարահանումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի սկզբին: Որտե՞ղ են տեղի ունենալու նկարահանումները, նաև՝ պրեմիերան ե՞րբ է նախատեսվում:
- Նկարահանումները տեղի կունենան Հայաստանում և Կիպրոսում: Իսկ պրեմիերան նախատեսված է կամ տարվա վերջին, կամ՝ հաջորդ տարվա սկզբին:
- Ո՞րն է Հայաստանում կինո ստեղծելու հիմնական բարդությունն ու հարմարավետությունը:
- Բավականին ընդգրկուն հարց եք տալիս, որին հնարավոր չէ կարճ պատասխանել (ժպտում է՝ հեղ.): Հուսամ՝ առաջիկայում այդ մասին խոսելու առիթ կունենանք… Ինչ վերաբերվում է մեր ֆիլմին, ապա հարմարավետությունը կայանում է նրանում, որ բոլորս հավատում ենք այս պատմությանը և անում ենք մեզանից կախված ամեն բան, որպեսզի այն ստացվի: Վստահ ենք, որ հանդիսատեսը կգնահատի մեր ջանքերը: Ժանրային և ասելիքի առումով մենք նման ֆիլմ չենք ունեցել…