13/09/2019 10:56
«Սիրելի կենդանիներ...». Պատգամավորներն առաջարկում են քրեորեն պատժելի դարձնել կենդանիների նկատմամբ դաժան, վատ վերաբերմունքը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանին են ներկայացրել մի նախագիծ, որը քրեորեն պատժելի է դարձնում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ նիստում խորհրդարանականներին ներկայացրեց Քրեական օրենսգրքում լրացում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որը քննարկվում է առաջին ընթերցմամբ։
Նախ նա ելույթն սկսեց դիմելով նաև «սիրելի կենդանիներին»՝ «հարգելի գործընկերներ, հայրենակիցներ և սիրելի կենդանիներ...», այնուհետև՝ շնորհակալություն հայտնեց խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին՝ օրինագծերի ստեղծմանն իրեն աջակցելու հարցում։
Պատգամավորն ասաց, որ գործող կարգով կենդանու դեմ դաժան վերաբերմունքը պատժվում է չնչին տուգանքով։ Ավելին, պատգամավորը տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, այդ տուգանքով պատասխանատվության որևէ անձ չի ենթարկվել։
Այսպես, պատգամավորն առաջարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարել և այնտեղ ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով։ Այդպիսով, տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։
Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։
Օրինագծերով սահմանվում են նաև տնային կենդանիները։ Դրանք տնային պայմաններում պահվող կենդանիներն են։ Իսկ անտուն են այն կենդանիները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող։
«Ես հորդորում եմ կողմ քվեարկել այս նախագծին։ Այն դաժան վերաբերմունքը, որ մենք տեսնում ենք կենդանիների հանդեպ ... ինչո՞ւ նախկինում այսքան էմոցիոնալ չէինք արձագանքում, միգուցե սոցիալական ցանցերը որ չկային, մենք չէինք տեսնում այդ դաժանությունները։ Տարիներ շարունակ այդ մասին բոլոր ահազանգերը ձայն բարբառո անապատի էին։ Հիմա կա հնարավորություն բռնել այդ սադիստների ձեռքը», - հայտարարեց Զոհրաբյանը։