13/09/2019 16:46
Հայաստանում Սվիտալսկիին փոխարինեց Անդրեա Վիկտորինին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարևորությունը։
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվեց մարդկանց միջև շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարևորությունը։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաև Արևելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երևանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։