13/09/2019 10:02
ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը
Ազգային անվտանգության ծառայության քննիչի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը մերժվել է, տեղեկացնում է հենց Դավիթ Սանասարյանը։
«ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։
Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սանասարյանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»: Այս գործով մեղադրյալներ են նաև Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանը և Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության նախկին գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը։ Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»: Այս գործով մեղադրյալ է նաև «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։