13/09/2019 15:31
Բանկային գաղտնիքի մասին օրենքը բերելու է գումարների դուրսհանման և փակելու է օտարերկրյա ներդրումների մուտքը. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը պնդում է՝ Բանկային գաղտնիքի մասին կառավարության ընդունած որոշումը չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին։
«Ձևավորվել է մի արատավոր պրակտիկա, որ նախարարություններում նստած կամ երիտասարդ ինչ-որ մի հատված մտածում է, որ այ էս գաղափարն իրացնենք, բերում ու ազատ իրացնում են՝ առանց հաշվի առնելով այդ գաղափարի հնարավոր ազդեցությունները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա վտանգավոր է համարում կառավարության ընդունած այս նախագիծը։
«Սա բերելու է մարդկանց կողմից գումարների դուրսհանման, անկանխիկից կանխիկի անցման և, որ ամենավատն է, հատկապես օտարերկրյա ներդրումների ակնկալիք ունեցող պետության համար պարզապես փակում է ճանապարհը հնարավոր դրամական մուտքերի», - ասաց նա։
Դաշնակցության ներկայացուցիչը նշեց, թե այս գործընթացի մեջ խիստ բացասական է գնահատում Կենտրոնական բանկի դերակատարությունը։
«Հիմա Կենտոնական բանկը կատարում է հականերդրումային դիրք՝ ինչքան հնարավոր է, այսպես կոչված, շառից-փորձանքից հեռու մոտեցումով», - ասաց Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը նշեց, թե իրավական տեսակետից ընդհանրապես անբացատրելի է մոտեցումը։
«Իրավական տեսակետից սա խոցելի, անտրամաբանական ու Հայաստանի դատական համակարգը ավելորդ ծանրաբեռնվածություն ապահովող նախաձեռնություն է», - ասաց նա։
Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ ներկա քաղաքական իշխանությունը, չունենալով զարգացման հստակ մոտեցումներ, նորից փորձ է անում ինչ հնարավոր է, բարդել մարդկանց վրա։
«Ես ճիշտ չեմ համարում նաև քաղաքական տեսակետից, որովհետև արդարադատության համակարգի բարեփոխումները պետք է սկսել սահմանադրական նորմերը կյանքի կոչելուց, իսկ սահմանադրական նորմը շատ հստակ է ասում՝ անձի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության մասով։ Ոտնահարել այս հիմնարար սկզբունքը՝ արհամարհելով մեր երկրի տնտեսական, սոցիալական, քաղաքական, ֆինանսական զարգացման հայեցակետային մոտեցումները և կառուցել ամեն ինչ ներկա իշխանության քաղաքական ցանկություններին համապատասխան՝ համարում եմ անհեռանկար, ոչ ճիշտ ու հասարակության մոտ ևս մեկ անգամ լուրջ դժոգոհություններ առաջացնող գործողություն, որը պայթելու է մի օր, իսկ այդ պայթյունը արդեն կլինի շատ ավելի դաժան», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։