13/09/2019 18:08
«Бегунок». Արթուր Վարդանյանի ֆիլմը համամարդկային թեմա է արծարծում. Սաունդթրեքի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է
Վերջին շրջանում Մոսկվայում բնակվող ռեժիսոր, սցենարիստ Արթուր Վարդանյանը նոր գեղարվեստական, խաղարկային ֆիլմ է պատրաստում, որն անդրադառնում է մեր ժամանակների ամենակարևոր երևույթներից մեկին: Թեև «Бегунок»-ը ռուսական կինոշուկայում է ստեղծվում, սակայն թեման համամարդկային է:
Սցենարի հեղինակն Արթուր Վարդանյանն է, պրոդյուսերներն են Ալեքսեյ Նովիկովը, Նիկիտա Միլեխինը և Արթուր Վարդանյանը:
Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է, երգը կատարում է նրա դուստրը՝ Մարիա Ամիրխանյանը:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Արթուր Վարդանյանի հետ:
- Պարոն Վարդանյան, փոքր-ինչ կմանրամասնեք՝ ինչի՞ մասին է «Бегунок»-ը, ինչպե՞ս առաջացավ նման ֆիլմ նկարահանելու գաղափարը:
- Նրանց, ովքեր անցումային տարիքում փախնում են տանից, որոնող կամավորականների ջոկատներում անվանում են «бегунок»: Թեման շատ արդի է` բնորոշ մեծ մեգապոլիսներին: Ռուսաստանում տարեկան կորում է 45 հազար երեխա, որոնցից 40 հազարն ինքնակամ լքում են իրենց ընտանիքը կամ ուսումնական հաստատությունները: Պետք է նշել, սակայն, որ ֆիլմում բարձրաձայնած խնդիրը ոչ միայն Ռուսաստանին է բնորոշ, այլ ավելին` համամարդկային է… Ինչ վերաբերվում է գաղափարին, ապա ասեմ, որ ես շատ եմ կարևորում գաղափարի ծագումը: Ինձ մոտ ծնված բոլոր գաղափարները, կարծում եմ, տվյալ ժամանակի` իմ մտահոգություններն են, ապրումները, հուզումները, ներքին խմորումներն ու, գուցե, խռովությունները: Առհասարակ, արվեստագետի մոտ շատ հետաքրքիր է ընթանում այդ պրոցեսը` հաճախ հակասական, իրարամերժ, բայց անասելի գրավիչ, քանի որ ունենալով գաղափարը` ծնվում են հերոսներ, կերպարներ` տարբեր բնավորություններով ու ճակատագրերով: Բնականաբար, ամեն ինչ թողնում է իր ազդեցությունը ծնվող մտքի վրա` շրջապատը, միջավայրը, ժամանակը, խնդիրները, երևույթները…
- Ի՞նչ ազգի դերասաններ են ընդգրկված ֆիլմում, ու ի՞նչ լեզվով է լինելու այն:
- Ֆիլմի հերոսները ռուս դերասաններ են, ֆիլմն էլ ռուսերեն լեզվով է: Սակայն, ինչպես նշեցի, թեման, գաղափարը համամարդկային է: Թեև ես իմ բոլոր աշխատանքներում վեր եմ հանել մեր ազգային, ժողովրդական արժեքներն ու պատմությունը, այդուհանդերձ, արվեստն իր էությամբ համամարդկային է: «Бегунок»-ը` ևս: Սա պարզ մարդկային փոխհարաբերությունների, ընտանիքի, մասնավորապես` հոր և որդու անսասան կապի մասին է, որը ժամանակի հետ առավել ամրանում է` խոր արմատավորելով այն: Պատահական չէ, որ ֆիլմում, որպես խորհրդանիշ, ընտրված է հաստաբուն, խորը արմատներով ծառն՝ անծայրածիր անտառում: Այստեղ զուգահեռ է անցկացված մարդու և ծառի, անտառի և մարդկության միջև. ինչպես մարդն է հասարակության մեջ միայնակ, այնպես էլ` ծառն անտառում:
- Որքան հասկանում եմ, նկարահանումներն էլ ամբողջությամբ Ռուսաստանում են տեղի ունեցել:
- Այո՝ Մոսկվայում: Դերասանների, նկարահանման վայրի և թեմայի` ընտանիքի կարևորության ու սերունդների չընդհատվող կապի թեման, պատահական չի ընտրված, քանի որ երկու ժողովուրդների՝ և՛ հայերի, և՛ ռուսների մոտ էլ դա առաջնայինն է կյանքում:
- Ֆիլմի սաունդթրեքն, այնուամենայնիվ, վստահել եք հայազգի կոմպոզիտորի:
- Այո, ու կցանկանայի առանձնացնել հեղինակին՝ Ռոբերտ Ամիրխանյանին, ում ստեղծագործությունն այնքան դուրս է որևէ սահմաններից ու միավորող, որ մաեստրոյի մեղեդու յուրաքանչյուր հնչյուն դիպչում է հոգու ամենախոր ենթաշերտերին: Այն հիասքանչ կատարում է նրա դուստրը` Մարիա Ամիրխանյանը:
- Այժմ ֆիլմի վրա աշխատանքի ո՞ր փուլում եք:
- Նկարահանումներն արդեն ավարտված են, ավելին՝ այն պատրաստ է: Այժմ ինձ մոտ մի հետաքրքիր հոգեվիճակ է. ավարտին է հասցված ստեղծագործական պրոցեսը, սակայն, խոստովանեմ, որ անսահման կարոտում եմ այդ ընթացքին, քանի որ այդ ժամանակահատվածն արվեստագետի համար ամենից բերկրալի իրավիճակն է (ժպտում է՝ հեղ.):
- Արդեն հստակ է, թե քանի՞ ժամ տևողությամբ այն կլինի էկրանին:
- Ֆիլմը կարճամետրաժ է, բայց` ոչ կարճ: Սովորաբար, լիամետրաժ ֆիլմը դիտելուց հետո մարդկանց ենթագիտակցության մեջ մի ամբողջ ֆիլմից տպավորվում են ընդամենը որոշակի դրվագներ: Կարելի է ասել՝ ես նկարել եմ միայն այն, ինչ մնալու է հանդիսատեսի ենթագիտակցության մեջ (ժպտում է՝ հեղ.):
- Պարոն Վարդանյան, ե՞րբ սպասենք պրեմիերային:
- Պրեմիերայի մասին անպատճառ կտեղեկացնեմ, սակայն, կան բազմաթիվ հրավերներ տարբեր կինոփառատոններից, որոնց կմասնակցի ֆիլմը: Այս ամենից հետո էլ կներկայացնենք ձեր դատին…