13/09/2019 13:57
Մնուչին. Ֆրանսիան չի կարող Իրանին 15 մլրդ դոլարի վարկ տրամադրել առանց Վաշինգտոնի համաձայնության
Ֆրանսիայի համար պարզ է, որ միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման նպատակով Իրանին չի կարող 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրվել՝ առանց ԱՄՆ-ի կողմից համապատասխան հավանության: Վաշինգտոնում համաժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք անցկացնում ենք (Իրանի վրա) առավելագույն ճնշման արշավ: Ֆրանսիան հասկանում է, որ (Իրանին) չի կարող 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրել առանց մեր համաձայնության»,- նշել է նա՝ հավելելով, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ մասնակցել է այս հարցով ամերիկացի և ֆրանսիացի առաջնորդների բանակցություններին: Նրա պարզաբանմամբ՝ Թեհրանին այսպիսի վարկի տրամադրումը կլինի Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների խախտում:
«Սրա հետ կապված այս պահին Ֆրանսիայից առաջարկ չկա Իրանին 15 մլրդ դոլար տրամադրելու մասին: Տարբեր մակարդակով բազմաթիվ խորհրդակցություններն են անցկացվում»,- շեշտել է Մնուչինը: Նա ոչ հավաստի տեղեկություն է անվանել լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ինքը կամ վաշինգտոնյան վարչակազմից այլ ներկայացուցիչներ ցանկանում են թուլացնել հակաիրանական սահմանափակումները: