13/09/2019 17:53
Թրամփը մտադիր է մինչև տարեվերջ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մինչև տարեվերջ հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ: Միացյալ Նահանգների ղեկավարը հինգշաբթի այդ մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան Հարավային բացատում:
«Որոշակի պահի, այո՛»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե այս տարի ինքը կհանդիպի արդյոք ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ:
«Նրանք որոշակիորեն ցանկանում են հանդիպել, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա»,- հավելել է նախագահը:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպումներ չեն պլանավորել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը ողջունում է ԿԺԴՀ-ի հայտարարությունն այն մասին, որ երկրի ղեկավարությունը հույս ունի ԱՄՆ-ի հետ միջուկազերծման շուրջը բանակցությունները վերսկսել սեպտեմբերի վերջին: