13/09/2019 11:20
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հարազատները վարչապետից պահանջում են արդարադատություն՝ վաղաժամկետ ազատ արձակել Մանուկյանին (Տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ցմահ դատապարտալ, արդեն 23 տարի 8 ամիս պատիժը կրող Աշոտ Մանուկյանի հարազատները:
Օրերս Արմավիրի դատարանը մերժել է Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակել։ Հիշեցնենք՝ Մանուկյանը մեղադրվում է 3 զինծառայողի սպանության համար։
«Միայն արդարություն են ուզում՝ օրենքի կետերով։ Արդեն 24 տարի հույսով սպասում էինք, որ որդուս ազատ կարձակեին, սակայն նորից մերժեցին։ Զոհվածների ծնողների հետ մենք շատ լավ, բարեկամական հարաբերությունների մեջ ենք, նրանք ներել են Աշոտին, ուզում են, որ նա մնացած տարիներն ազատության մեջ անցկացնի, սակայն պետությունը մերժեց», - լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանի մայրը։
Մանուկյանի եղբայրն էլ ասաց, որ երկու նամակ են պատրաստվում հանձնել իշխանություններին՝ մեկը արդարադատությանը, մյուսը՝ վարչապետին՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
Աշոտ Մանուկյանի հարազատների խոսքով՝ սպանված զինվորների ծնողները դատավորին ներման խնդրագիր են ուղարկել։
«Ծնողները նոտարական հաստատման են տվել իրենց համաձայնությունը, պրոբացիային էլ են տվել, դատի օրը նույնպես գրություն են ուղարկել, որ համաձայն են Աշոտի վաղաժամկետ ազատ արձակմանը», - ասաց Աշոտ Մանուկյանի մայրը։
Նրա խոսքով՝ 24 տարի լուռ համաձայնել են բոլոր խոստումներին, հիմա արդեն սպասելու տեղ չունեն, և անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև Եվրոպական դատարան։