16/09/2019 14:20
ՍԴ-ի հարցը լուծելու համար ոչ իրավական ճանապարհները մեզ համար ընդունելի չեն. Լիլիթ Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ է հրավիրել, որի ժամանակ որոշելու են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ սպասվելիք քայլերը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հարցին, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, թե կան գործողությունների որոշ տարբերակներ, Մակունցը պատասխանեց. «Մեր քայլերի համար մենք ունենք մշակած մի քանի տարբերակներ, որոնք քննարկելու ենք խմբակցությունում ու համատեղ կորոշենք՝ ինչ տարբերակով ենք առաջ գնում»։
Դիտարկմանը, թե ըստ մասնագետների, ՍԴ-ի հարցի լուծումը ԱԺ տիրույթում չէ և արդյոք քաղաքական մեծամասնությունը ոչ իրավական ճանապարհներով է այդ հարցը լուծելու, Մակունցը պատասխանեց.
«Մենք բազմիցս ասել ենք, որ հավատարիմ ենք բացառապես իրավական ճանապարհով առաջնորդվելու գործընթացին և շարժվելու ենք բացառապես օրենսդիրի լիազորությունների տիրույթում գոյություն ունեցող գործիքակազմով։ Այնպես որ ոչ իրավական ճանապարհը մեզ համար ընդունելի չէ և բնականաբար՝ միայն իրավական ճանապարհով»։
Նշենք, որ այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ Ազգային ժողովը պետք է ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտնի դիրքորոշում։