16/09/2019 15:48
Փաշինյանը չի մեկնաբանում Վանեցյանի հայտարարությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարության մեջ կառավարության ղեկավարի գործունեությանն ուղղված անուղղակի քննադատությունը։
«Պարոն Վանեցյանը փաստացի պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները», - այսօր, արձագանքելով լրագրողի հարցին, հայտարարեց վարչապետը։
Նկատենք՝ Վանեցյանը իր հրաժարականի տեքստում մասնավորապես ասել էր. «..Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։
Պնդող հարցին, թե դա համարո՞ւմ է քննադատություն իր հասցեին, Փաշինյանը դարձյալ հստակ պատասխան չտվեց. «Գիտեք՝ սովորաբար արձագանքում եմ այն հայտարարություններին, որոնք անձամբ կարդացել եմ։ ԿԿարդամ, կծանոթանամ և եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանություն անել, կանեմ այդ մեկնաբանությունը»։
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ Փաշինյանը հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին ու տեղեկացրել, որ առաջիկայում համապատասխան հայտարարագիր կստորագրվի։