16/09/2019 13:45
Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ բանկային համակարգը լիարժեք չի ինտեգրված տնտեսության իրական հատվածին. Թաթուլ Մանասերյան
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ընդունած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, ասաց, թե բանկային համակարգում, իհարկե, մտահոգիչ շատ բաներ կան։
«Այն խնդիրները, որոնք այս ընթացքում վեր են հանվում, կարծում եմ, որ ոչ խորքային մոտեցման արդյունք են։ Կա տպավորություն, որ այս օրենքն ընդունելուց հետո ամեն մարդ անարգել կարող է հնարավորություն ունենալ գաղտնազերծել տվյալները, այսինքն՝ բանկային գաղտնիք կարող է չլինել», - ասաց Թաթուլ Մանասերյանը։
Մինչդեռ, ըստ նրա, խնդիրը լրիվ այլ է, և ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ բանկային համակարգը լիարժեք չի ինտեգրված տնտեսության իրական հատվածին։
«Բազմաթիվ այլ խնդիրներ կան, բայց այս նախագծով առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել նրան, որ գաղտնազերծումը միայն դատարանի պատճառաբանված ու հիմնավորված որոշմամբ կարող է լինել։ Այսինքն, հնարավոր չէ, որ յուրաքանչյուր մարդ կամ նույնիսկ պետական կառույց փորձի գաղտնազերծել բանկային գաղտնիքը։ Ի վերջո, բացի ՀՀ-ում գործող օրենքներից և ընդհանուր միջավայրից, կան միջազգային նորմեր, որոնցից շեղվել մենք պարզապես չենք կարող, նույնիսկ եթե ամբողջ հասարակությունը դա ցանկանա», - նշեց նա:
Տնտեսագետն այն կարծիքին է, որ այս նախագծով փորձ է արվում հավասար բալանս պահպանել բանկային գաղտնիքի պաշտպանության, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի և հանրային շահերի միջև։
Նա նաև չի կարծում, թե գլխավոր դատախազն ամեն մեկի ցուցումով պետք է վերցնի և ասի՝ գաղտնազերծեք այս կամ այն հաշիվները, եթե հատկապես հիմնավոր չեն ապացույցներն առ այն, որ այս կամ այն անձը ներքաշված է հանցավոր կապերի մեջ։