16/09/2019 17:24
Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է. կարծում է Փաշինյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է, կարծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքից հետո ակնհայտ էր, որ ապօրինի որոշում է կայացվել։ Իսկ թե ինչու է ՍԴ-ն նման որոշում կայացրել` գիտեք», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` որոշումն ընդունած դատավորներից երկուսը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Մասնավորապես, Միրզոյանը անդրադարձել է սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա ՍԴ-ի կայացրած որոշմանը։
«Այս որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը։
Ի հավելումն ՍԴՈ 1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության արձանագրել, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդ շտապողականությունը»։
Միրզոյանի հայտարարությանն արձագանքել է «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, կոչ անելով դուրս գալ ժողովրդավարության բաստիոնի պատերի տակից. «քարերը փլուզվում են արդեն, տակը չմնաք»: