16/09/2019 14:01
ՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա. Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ազգային ժողովի նախագահը այսօր ԱԺ ամբիոնից հանդես է եկել արտահերթ ելույթով՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանին վերաբերող հարցերին։
Ելույթի բովանդակությունը ոչ այլ ինչ էր, քան դեռևս մայիսի 20-ին սկիզբ առած՝ Դատական իշխանությունը և մասնավորապես Սահմանադրական դատարանը կառավարող քաղաքական ուժին ենթարկեցնելու գործընթացի հերթական դրսևորում, այդ գործընթացին օրենսդիր մարմնի պաշտոնական ներգրավում։
Առավել հետաքրքրական էր ելույթի համար ընտրված ժամանակը՝ ՍԴ որոշման հիման վրա երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտի հրապարակման նախօրեն։
Հաշվի առնելով վերջին ամիսների փորձը՝ կարելի է պնդել, որ ընտրված ժամանակն այս առումով ամենևին պատահական չէր. ՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա՝ ստանալու ոչ թե վերաբերելի իրավունքի ու փաստերի հիման վրա՝ դատավորի ներքին համոզմունքից բխող իրավաչափ որոշում, այլ կառավարող ուժի քաղաքական կամքն արտահայտող դատական ակտ»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի այսօր շարունակվող հերթական նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
Միրզոյանը, մասնավորապես, անդրադարձել էր սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա ՍԴ-ի կայացրած որոշմանը։
«Այս որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը», - նշել էր նա։