17/09/2019 14:06
Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ։
Նա պնդեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և նրան ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման պատճառը եղել են Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները։
«Քիչ առաջ դատարանի կայացրած որոշման պատճառ են եղել հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները։ Բայց դրանք, լինելով սպառնալիք Սահմանադրական դատարանի հասցեին, իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, որովհետև այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ Սահամանդրական դատարանի որոշումն ապօրինի է, անօրինական։ Դրանով, հարգելի դատավոր, նրանք ուղարկեցին հստակ մեսիջ՝ ասելով, որ եթե Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է, ապա իրենք ապօրինի կորակեն խափանման միջոցի վերացման մասին որոշումը», - հայտարարեց Հայկ Ալումյանը։
Փաստաբանի դիտարկմամբ՝ առաջին դեպքը չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարություններով միջամտում են այս քրեական գործով դատական ու մինչդատական գործընթացներին։ «Ես համոզված եմ, որ Դուք, որպես դատավոր, չէիք կարող Ձեզ վրա չզգալ այդ անհավասարակշռված հայտարարությունների ճնշումը, ձեր որոշման վրա չէր կարող չազդել երեկ տեղի ունեցածը», - հայտարարեց Ալումյանը։
Նկատենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը որոշ կասկածներ է հարուցում, և ԱԺ-ն պետք է այդ մասին դիրքորոշում հայտնի։ Բացի այդ, երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստում որոշել էր ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել։