17/09/2019 15:09
Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. Յուրի Խաչատուրովի պաշտպան
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը այս գործը քաղաքական գործ է համարում։
«Այս գործով ընթացող զարգացումները թույլ չեն տալիս, որ զուտ իրավաբանական կողմը քննարկվի։ Այս մեղադրանքների շրջանակներում իրավական կողմ բացարձակապես չկա և պատահական չէ, որ այս գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը արդեն իսկ երկու որոշում է կայացրել», - այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս քրեական գործի նախաքննության փուլում մամուլում բազմաթիվ անգամ գրվել է քննչական մարմնի ապօրինի գործողությունների մասին։
«Քաղաքական գործիչների, մասնավորապես իշխող ուժի հայտարարությունները գուցե անձնապես ճնշում չեն, բայց ամբողջ հանրապետության դատական համակարգն այդ ազդեցությունը զգում է։ Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, պարոն Օրբելյանը հայտարարեց, որ Ձեզ այցելել են, ու մեր հարգելի դատախազը հայտարարեց, որ առարկում է փաստաբանի այդ հայտարարությանը։ Հարգելի դատախազ, բա մի հատ լսեիք, կարող է իսկական փաստ էր ներկայացնում, որ այցելել են, էդ որտեղի՞ց գիտեիք, որ չեն այցելել, թե՞ դատախազությունն էր շուրջօրյա հսկողություն սահմանել դատավորի կողքը ու վստահ էր, որ չեն այցելել դատավորին», - դիմելով մեղադրող դատախազներին՝ հայտարարեց Պողոսյանը։
Անդրադառնալով քրեական գործի նյութերին՝ Պողոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու հետ այս գործով 800 վկաների ցուցմունքները որևէ առնչություն չունեն։
«Հիմա ասում են՝ գնացեք, դուք անազատության մեջ մնացեք, մինչև այդ անկանխատեսելի դատավարությունը, որի հետ կապված սահմանադրականության հարց կա, շարունակվի երկար տարիներ։ Անձնական հաշվեհարդար է տեղի ունենում։ Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն։ Չի կարող ՀՀ-ում տեղի ունենա այնպիսի դատավարական պրոցես, որտեղ քննարկվում են ոչ թե գործողությունները, այլ անձը։ Մենք գնում ենք իրավական պետություն կառուցելու ճանապարհով և դատարանը, հույս ունեմ, մի կաթիլ կավելացնի այդ իրավական պետություն տերմինին ու ՀՀ-ում իրականում կտրվեն գնահատականներ ոչ թե անձանց, այլ դրանց գործողություններին», - հայտարարեց Պողոսյանը։