17/09/2019 13:19
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ (Տեսանյութ)
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քիչ առաջ հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը։
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում են մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդել էր անհապաղ վերացնել իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Պաշտպաններից Արամ Վարդևանյանը նաև ներկայացրել էր Սահմանադրական դատարանի որոշումը:
Մեղադրող դատախազական խումբը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները, նկատենք, առարկել էին ներկայացված միջնորդությանը։