17/09/2019 11:23
Գնդակը բացառապես իշխանության դաշտում է. ԲՀԿ պատգամավորը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
Ըստ էության տեսնում ենք ներիշխանական որոշ պրոցեսներ, և դրանց գնահատական տալու համար հայտարարությունները պետք է բացվեն։ Առայժմ հայտարարությունները բացված չեն, ըստ այդմ՝ դժվար է գնահատական տալ ներիշխանական զարգացումներին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։
«Պարզ է, որ կարող ենք երկու կողմերի հայտարարություններում ենթատեքստեր փնտրել, որոշակի եզրակացություններ անել, սակայն մինչև հստակություն չլինի, գնահատական տալը դժվար է», - ասաց նա։
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանն իր հերթին ասաց, որ ակնարկների վրա հիմնված դատողություններ անելը ամենալավ ճանապարհը չէ։
«Ինձ մեկ այլ հանգամանք է զարմացնում։ Մինչև երեկ ԱԱԾ տնօրենը, ով ամենաազդեցիկ դեմքերից էր համարվում, երեկվանից դարձել է ամենաբուռն քննադատությունների թիրախ։ Կարծում եմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասելու՝ ինչ է ակնարկել իր հրաժարականի տեքստում։ Կարծում եմ նաև՝ գնդակը բացառապես իշխանության դաշտում է, իշխանությունը պետք է լույս սփռի այս զարգացումների վրա», - ասաց նա՝ հավելելով, որ Արթուր Վանեցյանի գործունեության շուրջ իրենց խմբակցության վերաբերմունքը բացասական չէ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։