17/09/2019 11:36
Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով զոհվել է ղրղզ սահմանապահ
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկուշաբթի գրանցվել է փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է մեկ ղրղզ սահմանապահ, ևս 6 զինծառայող վիրավորվել է, ասվում է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) տարածած հաղորդագրության մեջ:
«Սահմանային միջադեպի ժամանակ տաջիկական կողմից նռնականետներից գնդակոծման հետևանքով զոհվել է ՊՍԾ ենթասպա՝ «Բորու» հատուկ ստորաբաժանման մարտիկ: Վեց զինծառայողներ վիրավորվել են»,- նշված է տեքստում: ՊՍԾ-ից նշում են, որ բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: «Երկու զինծառայողների վիճակը ծանր է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը երեքշաբթի ժամանել է Տաջիկստանի սահման: Այս մասին ТАСС-ին հայտնել են ղրղզական կառավարության մամուլի ծառայությունից:
«Վարչապետը ժամանել է արտակարգ դեպքի վայր, նրա հետ են փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Պետական սահմանապահ ծառայության նախագահ Ուլարբեկ Շարշեեւը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Աբիլգազիևը մտադիր է հանդիպել հանրապետության սահմանամերձ շրջանների բնակիչների հետ, նաև սահմանին իրադրության հարցով օպերատիվ խորհրդակցություն անցկացնել:
Ղրղզական կողմի տվյալով՝ սահմանին փոխհրաձգությունը սկսվել է սեպտեմբերի 16-ի երեկոյան: Պատճառը վիճելի տեղամասի տարածքում Տաջիկստանի քաղաքացների կողմից օբեկտի կառուցումն էր: Տաջիկ զինծառայողները կիրառել են ոչ միայն հրազեն, այլև ականանետներ:
Ղրղզստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ կոնֆլիկտի հետևանքով զոհվել է հանրապետության մեկ զինծառայող: 13 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 6 սահմանապահ և դեռահաս: Դուշանբեն եւս հայտնում է տուժածների առկայության մասին:
Երկու երկրների սահմանի երկարությունը կազմում է 970 կմ: Այսօրվա դրությամբ կողմերը սահմանագիծը հաստատել են 519 կմ երկայնքով: