17/09/2019 11:23
Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը, գտնվում է հերթական արձակուրդում, Aysor.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Աշոտ Փաշինյանը շաբաթ օրը (սեպտեմբերի 14) հինգ օրով ստացել է երկրորդ հիմնական արձակուրդը, որը ստանում է ցանկացած զինծառայող, եթե չունի խախտումներ, թերացումներ», - ասաց ՊՆ խոսնակը։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Աշոտ Փաշինյանի հետ միասին հնգօրյա արձակուրդ են ստացել նաև զորամասի այլ զինծառայողներ։
«Աշոտ Փաշինյանը, սրանից բացի, ստացել է ևս մեկ հիմնական արձակուրդ, որը ևս ստանում են բոլոր զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո՝ 10 օրով», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակն ասաց, որ վարչապետի որդին այլ արձակուրդներ չի ստացել ու զորամասի տարածքը չի լքել։
«Լինում են արձակուրդներ՝ ժամերով կամ կես օրով, որը տեղի է ունենում միայն կայազորի տարածքում, ամենաշատը մոտակա բնակավայրը», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։