18/09/2019 14:06
Ես անփոխարինելի չեմ պաշտպանության նախարարի պաշտոնում. Դավիթ Տոնոյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հնարավոր է համարում, որ մի օր կազատվի Պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ ինքն անփոխարինելի չէ։
Հարցին՝ ինքն իրեն անփոխարինելի է համարո՞ւմ պաշտպանության նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց կարճ՝ ոչ։
Մյուս հարցին, թե հնարավոր չի՞ համարում, որ մեկ-երկու օր հետո վարչապետը նրան կազատի այդ պաշտոնից, Տոնոյանը արձագանքեց. «Հնարավոր համարում եմ»։
Լրագրողը, ակնարկելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության տեքստը, հետաքրքրվեց՝ ինքը, որպես սպա, արժանապատվության նսեմացման որևէ զգացողություն ունեցե՞լ է, ինչին Տոնոյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ»։
Հիշեցնենք՝ Վանեցյանը իր հրաժարականի տեքստում մասնավորապես, նշել էր. «...Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։