18/09/2019 19:23
«Բարեփոխելով աշխարհը»՝ հեռուստահաղորդումների և կինոյի առաջին փառատոն
Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) պատվավոր նախագահն է ՀՀ Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենն, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը դեռ նոր է ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում այս կարևոր առաքելության նկատմամբ», - ասել է Աննա Հակոբյանը։
Փառատոնի հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International), ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր, երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ՝ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը կկայանա Երևանում՝ 2019 թ-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստա և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։
Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:
«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները: