19/09/2019 12:38
Վլադիմիր Բրեդով․ Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։ Այդ մասին, ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին հղում անելով, ասաց հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը, մեկնաբանելով՝ հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը։
Բրեդովի խոսքով` նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել են մոտ 5 հազար միավոր սարքավորումներ, որոնց մասով կամ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը կամ էլ՝ առաջարկվել է դրանք փոխարինել նորերով։
«Այսօր ամբողջությամբ փոխված են մեքենայացված սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել մինչև 15 % ավելացնել էներգիայի գեներացումը՝ նույն ծախսերով։ Աշխատանքները շարունակվում են, և կարելի է ասել, որ նախագծի արդյունքում Հայաստանը կունենա նորագույն սարքավորումներով հագեցած ու անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխանող ԱԷԿ։ Այդ ամենը հնարավոր կդառնա հայ և ռուսաստանցի միջուկային մասնագետների ներդաշնակ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում միայ», - հավելեց Վլադիմիր Բրեդովը։
Իր հերթին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, շնորհիվ հայ և ռուսաստանցի մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։ «Հայկական ԷԱԿ-ը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, այսօր կայանում արտադրվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշեց Հակոբ Վարդանյանը։
Հիշեցնենք, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Այսօր հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում և գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում։ Կայանի աշխատանքը ապահովում է Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարումը։