19/09/2019 17:26
Թրյուդոն ներողություն է խնդրել դեմքին սև գրիմով լուսանկարի պատճառով
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել 2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ դեմքին սև գրիմ քսելու և սպիտակ չալմա դնելու համար: Համապատասխան հայտարարությունը, որը հեռարձակել են երկրի բոլոր ազգային հեռուստաալիքները, նա արել է Գալիֆաքսի (Նոր Շոտլանդիա նահանգ) օդանավակայանում իր օդանավում:
«2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ ես Ալադինի հանդերձանք էի հագել, դեմքիս գրիմ էր: Ես խորապես զղջում եմ դրա համար, այդ ժամանակ պիտի լավ մտածեի,- ասել է նա: - Այդ պատճառով կանադացիներից ներողություն եմ խնդրում»: Թրյուդոն հավելել է, որ 18 տարի առաջ չէր մտածում, որ նման հանդերձանքը հնարավոր է կապել ռասիզմի հետ:
«Հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ»,- ասել է նա: Կանադայի վարչապետը նաեւ շեշտել է, որ «ամբողջ կյանքում պայքարել է ռասիզմի դեմ և տոլերանտության կողմնակից է եղել»:
Time ամսագիրը չորեքշաբթի իր Twitter-յան էջում հրապարակել էր 2001 թվականի սև-սպիտակ լուսանկար, որում Թրյուդոն կանգնած է 4 կանանցով շրջապատված: Նրա գլխին սպիտակ չալմա է, իսկ դեմքին քսված է սև գրիմ: Լուսանկարը կատարվել է կանադական մասնավոր դպրոցում «Արաբական գիշեր» կոչվող փակ երեկույթի ժամանակ, որտեղ այդ ժամանակ Թրյուդոն դասավանդում էր:
Ավելի ուշ Կանադայի ընդդիմադիր Նոր դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմիթ Սինգհը, որը սիկհիզմ կրոնական հոսանքի հետևորդ է և ինքն էլ չալմա է կրում, վարչապետին մեղադրել է ռասիզմի համար: