19/09/2019 15:15
Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Տեսանյութ)
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ։
«Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված», - ասել է նա:
Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացմանը` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը: Այս համատեքստում Արման Սարգսյանը խոսել է նաև կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման, ինչպես և կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականության մասին:
Խորհրդկացության ընթացքում քննարկվել են օպերատիվ և արտաքին ծառայություներին վերաբերող այլ հարցեր ևս:
«Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը: Ի գործ, հարգելի ծառայակից ընկերներ», - ընդգծել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: