19/09/2019 11:35
Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը. ԱԳ նախարար
Հայաստանի Հանարապետության և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերեություններ հաստատվել են դեռևս 1992 թվականի ապրիլին, և այդ երկրում ՀՀ դեսպանեւթյուն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայլը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար։ Այդ երկրի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է տարածաշրջանի կայունության վրա, այսօր՝ կառավարության նիստի ժամաակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի՝ պետական մակարդակով բազմադարյա ներկայությանը մասնակից լինելը, հարուստ պատմամշակութային ժառանգության և Հայ առաքելական եկեղեցու սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը։ Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի նաև երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության, մի շարք ոլորտների զարգացման համար՝ մեծացնելով մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայությունը», - նշեց նախարարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանն Իսրայելում ներկայացված է ոչ ռեզիդենտ դեսպանով։
«Գործընթացը կտևի որոշ ժամանակ՝ կախված և մեզնից, և մյուս կողմից։ Մտադիր ենք որքան հնարավոր է՝ արագ։ Կխուսափեմ հստակ ժամկետներ մատնանշելուց», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայտնի է Իսրայելում ՀՀ դեսպանատան տեղակայման վայրը։
Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ վայրի մասին հստակ պատկերացում արդեն իսկ առկա է։
Նշենք, որ Հայաստանը միացել է այն երկրների շարքին, որոնք Իսրայելի մայրաքաղաք են ճանաչում Թել Ավիվը, այլ ոչ Երուսաղեմը։
«Ինչ վերաբերում է զուգահեռ դեսպանություն բացելուն, սա մեր երկխոսության օրակարգում է։ Մեր ներկայությունն Իսրայելում առավել կամրապնդի մեր փաստարկները, որպեսզի մենք ևս այստեղ ունենանք Իսրայելի դեսպանություն», - ասաց նա։