19/09/2019 19:25
Եթե կերպարիս անունն էլ Նիկոլ լիներ, իրականություն դարձած ֆիլմի սարսափից «կկախվեի». Արամ MP3-ը՝ «Առաջին դեմք»-ի «իրականություն» դառնալու և «Ազնիվ գողերը» ֆիլմի մասին
Սեպտեմբերի 19-ից մեծ էկրանին կլինի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» կինոկատակերգությունը, որի գլխավոր հերոսն է երգիչ Արամ Սարգսյանը (MP3): Aysor.am-ի հետ զրույցում երգիչը մանրամասնեց՝ առաջարկը ստացել է դեռևս երկու տարի առաջ՝ ռեժիսորից և ստեղծագործական խումբը համալրող «Դեմք շոու»-ի տղաներից, սցենարի հետ ծանոթանալուց հետո էլ անմիջապես համաձայնել է:
«Դրական, բարի, ուրախ, առօրյայից մի պահ կտրող, ժպիտ պարգևող ու թեթև ֆիլմ է: Սա մանկությունից եկող այն ընկերության մասին է, որտեղ կա նվիրվածություն, անշահախնդրություն ու պարզություն: Անգամ հանգամանքների բերումով պլանավորած գողությունը որևէ մեկին վնաս պատճառելու միտում չունի, լավ բանի համար է արվում: Ծանոթ լինելով Գոռ Կիրակոսյանի ձեռագրին և բծախնդրությանը` վստահ եմ, որ որակյալ կինոարտադրանք ենք ունենալու: Իհարկե, ես միտումնավոր վերջնական տարբերակը չեմ տեսել, այսօր եմ նայելու», - ֆիլմի մասին ինտրիգը պահելով՝ պատմեց Արամ MP3-ը:
Չի բացառում, որ յուրաքանչյուր կերպարի մեջ հանդիսատեսը գտնի իր մտերիմին: Ասում է՝ բոլորի ընկերական շրջապատներում կան մշտապես ծիծաղացնողներ, ձանձրացնողներ, ուրախներ ու ցանցառներ:
Անդրադառնալով նկարահանման ընթացքում առաջացած դժվարություններին՝ մեր զրուցակիցը ծիծաղելով, կեսկատակ-կեսլուրջ խոստովանեց, որ քանի որ իրական կյանքում էլ ընկերներ են, նկարահանման տաղավարում ամեն ինչ հեշտ էր ընթանում.
«Միայն հաճախ Գոռն էր «ճվճվում», բայց դե բնական է՝ ռեժիսոր է, պետք է գոռգոռոցը գցի… Միակ դժվարությունը նախապատրաստական փուլում էր, երբ սցենարը նոր էինք ստացել ու ծանոթանում էինք կերպարներին: Հետո ամեն ինչ հունի մեջ ընկավ»:
Արամ MP3-ն ընդգծեց՝ թեև ինքն իրական կյանքում բավականին ակտիվ մարդ է, սակայն «Ազնիվ գողեր»-ում իր մարմնավորած Արամն (ֆիլմում իր հերոսի անունն էլ Արամ է) այնքան էլ ակտիվ չէ: Իսկ այ, ինքն իրեն շատ նման է դերասան Ռաֆայել Երանոսյանը:
«Ինձ թվում է՝ Ռաֆայելի կերպարն է իրեն նման (ծիծաղում է), ինքը միշտ «ահավոր շատ» է, 10 հոգու մեջ էլ իր ձայնն ամենաշատն է: Ռաֆոն գերակտիվ է: Այնպես չի, որ կերպարն ամբողջովին իր նման է, բայց շարժուձևը, ակտիվությունն ինքն է, որ կա», - նշեց նա:
«Ազնիվ գողեր»-ը Արամ MP3-ի մասնակցությամբ թվով երկրորդ գեղարվեստական ֆիլմն է, նախորդը 3 տարի առաջ էկրան բարձրացած «Առաջին դեմք»-ն էր: Ի դեպ, սովորաբար ֆիլմերն են նկարահանվում իրական պատմությունների հիման վրա, սակայն «Առաջին դեմք»-ը պրեմիերայից շուրջ երկու տարի անց իրականություն դարձավ. ակտիվիստ, լրագրող, ով դառնում է երկրի ղեկավար…
«Ինձ հաճախ են հարցնում՝ դուք գիտեի՞ք, որ նման բան է լինելու: Իհարկե, ծիծաղելի հարց է, բայց ամեն ինչ, կարծես, համընկնում էր, բացի հանքի հատվածից: Սակայն, մեր երկրում տեղի ունեցող վերջին դեպքերը, երբ սկսեց խոսք գնալ հանքի մասին, ինձ առավել «վախեցրեցին»: Իրականում, ես և Հրանտ Երիցկինյանը (ֆիլմի ռեժիսորը) վերջերս մի քանի անգամ նայել ենք ֆիլմն ու փշաքաղվել. համընկնում է ոչ միայն կերպարը, այլև մի քանի կադր կարծես նույնությամբ կրկնվեն՝ փողոցները, մեքենաների քանակը… Եթե կերպարիս անունն էլ Նիկոլ լիներ, ես իրականություն դարձած ֆիլմի սարսափից «կկախվեի»: Էլ ոչ մեկին չէի կարողանա համոզել, որ սա պատահականություն է… Արդեն մի տեսակ վախենում եմ, թե ինչ կլինի հետո, հուսամ՝ այսքանով համընկնումները կավարտվեն», - Aysor.am-ի հետ զրույցը ծիծաղելով եզրափակեց Արամ MP3-ը: