20/09/2019 16:00
Հայ պատանդների և ադրբեջանցի դիվերսանտների փոխանակման գործընթացը 51/49 հարաբերակցությամբ կկայանա. քաղտեխնոլոգ
Այն, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը լինելու է հերթականը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց չի գրանցելու, գրեթե կասկածից վեր է։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Սա երկարատև սառեցված հակամարտության է վերածվում, երբ հանդիպումները լինում են միայն լինելու համար։ Իհարկե, չի բացառվում, որ այս հանդիպման ընթացքում ինչ-որ հարցերում կարող է հստակություն մտցվել, բայց ասել, որ երկու երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կարող է ճեղքում լինել, քիչ հավանական է», - ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին՝ Արցախում գտնվող երկու դիվերսանտներին փոխանակել Բաքվում պահվող երկու հայ պատանդների հետ, և մասնավորապս Արցախի՝ այս գործընթացին կտրականապես դեմ լինելուն, Արմեն Բադալյանը նկատեց.
«Այստեղ խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան բարոյական։ Իհարկե, Ադրբեջանում գտնվող հայ պատանդներն այստեղ ծնողներ ունեն, և նրանք ուզում են, որ իրենց որդիները գերությունից վերադառնան։ Բայց,միաժամանակ, ծնողներ ունի այն 17-ամյա պատանին, ում սպանել են ադրբեջանցի երկու դիվերսանտները։ Բնական է, որ սպանված Սմբատ Ցականյանի հարազատները համաձայնություն չեն հայտնի, որպեսզի իրենց որդուն սպանած անձինք փոխանակվեն հայ պատանդների հետ»։
Քաղտեխնոլոգը միաժամանակ հարց հնչեցրեց՝ Արցախի մերժողական դիրքորոշման ֆոնին ՀՀ իշխանությունները մինչև վերջ կպնդե՞ն իրենց տեսակետը։
«Ըստ իս՝ Արցախի իշխանությունները չեն կարող մինչև վերջ պահպանել իրենց մերժողական կեցվածքը, եթե, իհարկե, ՀՀ իշխանությունները մինչև վերջ այդ հարցն առաջ տանեն։ Այս պահի դրությամբ ամեն ինչ կախված է վարչապետից։ Եթե նա կարգադրություն անի փոխանակություն կատարել, այդպես էլ կլինի։ Արցախի իշխանությունը ստիպված կլինի ենթարկվել ճնշմանը։ Բայց այդ դեպքում սա խիստ մեծ դժգոհություն կառաջացնի Արցախում և արցախյան իշխանության մոտ։ 51/49 տոկոս հարաբերակցությամբ այս գործարքը կկայանա», - ամփոփեց Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ ասել էր՝ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։