20/09/2019 10:36
Հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով. Արմեն Գրիգորյանը՝ Օ'Բրայենին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին։
ԱԽ լրատվական ծառայության փոխանցմամբ, հեռագրում մասնավորապես ասված է.
«Ձե՛րդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը պետքարտուղարությունում՝ որպես պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի՝ կասկած չունեմ, որ Դուք մեծ եռանդով և նվիրվածությամբ կիրականացնեք Ձեր նոր պատասխանատու առաքելությունը։
Հայաստանը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես իր ամենավստահելի և հուսալի գործընկերներից մեկը, և կարող եմ վստահեցնել, որ պատրաստ եմ Ձեզ հետ աշխատել համատեղ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով` պաշտպանելու մեր ընդհանուր արժեքները, կանխելու մեր ժողովուրդների բարեկեցությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:
Հարգելի՛ գործընկեր, հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով։
Խնդրում եմ ընդունեք իմ բարձր գնահատականի հավաստիացումները»։