20/09/2019 19:06
Ուրիշ Ամուլսար չի լինելու. Ակցիա Երևանում
Հայաստանում ևս բնապահպանները միացել են այս պահին ամբողջ աշխարհում իրականացվող «Ուրիշ երկիր մոլորակ չկա» կարգախոսով բնապահպանական շարժմանը և հայտարարում են. «Ուրիշ Հայաստան չկա, ուրիշ Ջերմուկ չկա, ուրիշ Գնդեվազ չկա, ուրիշ Ամուլսար չի լինելու»։
Բնապահպանական շարժման շրջանակներում հայաստանցի բնապահպանները այսօր Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտից պատրաստվում են երթ իրականացնել՝ ի պաշտպանություն Ամուլսարի։
«Մենք Հայաստանում միանում ենք գլոբալ բնապահպանական շարժմանը։ Այսօրվա մեր պայքարը Ամուլսարը պահպանելն է իբրև սար և պահանջելն է, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում կտրուկ ու շատ արագ փոփոխություններ տեղի ունենան», - երթից առաջ հայտարարեց Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը։
Հայկական բնապահպանական ճակատի մեկ այլ ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարեց, որ Ամուլսարի խնդիրը դեռ 2010 թվականից է հայ բնապահպանների թիրախում և սարը պահպանելու նպատակով շատ են ակցիաներ տեղի ունեցել։
2018-ի քաղաքական հայտնի իրադարձություններից հետո, ըստ Գալստյանի, բնապահպանների ակնկալիքն է եղել, որ կառավարությունը նոր մոտեցումներ կցուցաբերի, և հանքը չի շահագործվի։ Սակայն այդպես չեղավ, նախորդ տարվա ամառվանից Ջերմուկի բնակիչները փակել են Ամուլսար տանող ճանապարհը։
Նրա խոսքով` եթե Ջերմուկի բնակիչները ճանապարհը փակած չլինեին, բնապահպանները ոտքի չէին կանգնի։ «Ամուլսարում հանք չի շահագործվել ու չի էլ շահագործվելու», - հայտարարեց Գալստյանը՝ ընդգծելով, որ անհապաղ պետք է չեղյալ ճանաչվի նախկին «կոռուպցիոն կառավարության» կողմից Ամուլսարի հանքը շահագործելու համար տված բնապահպանական փորձաքննության եզրակացությունը։