20/09/2019 12:06
Կառավարությունը տնտեսվարողներին է վերադարձնում մինչև 2017-ը կուտակված 56 մլրդ դրամ պարտքը. Հարկային օրենսգիրքը քննարկվում է ԱԺ-ում
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում օրակարգային միայն մեկ հարց է՝ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Այդ փոփոխություններով, կառավարությունը պատրաստվում է պարզ ասած՝ 56 մլդր 443 մլն դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել շուրջ 2835 տնտեսվարողի։
Մասնավորապես, գործադիրը առաջարկում է վերանայել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարների հաշվին:
Օրինագիծը Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը մասնագիտական լեզվով ներկայացրեց պատգամավորներին, և նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ ավելի պատկերավոր ու հանրությանը հասանելի ի՞նչ է սպասվում տնտեսվարողների համար։
«Ես ճի՞շտ հասկացա, որ նախկինում պետության նկատմամբ 2835 հարկ վճարողի կողմից ունեցած 56 մլրդ հարկային պարտավորությունը վերադարձվում է։ Այսինքն՝ պետությունը պարտքերը հարկ վճարողներին մարում է։ Եթե ձևակերպումս հաջող չէ, խնդրում եմ պարզ ներկայացրեք», - դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց Արարատ Միրզոյանը։
«Ըստ էության ձեզ հաջողվեց երկու նախադասությամբ ասել այն, ինչ ես փորձում էի, մասնագիտական քիչ տերմինաբանություն օգտագործելով, ներկայացնել պատգամավորներին։ Այո, պետությունը պարտք է 56 մլրդ։ Դրանք այն գումարներն են, որոնք առաջացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, և պետությունը, այսօր ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, նպատակ ունի վերադարձնել այդ պարտքը հարկ վճարողներին՝ ակնկալելով, որ այդ գումարները նրանք կներդնեն տնտեսության մեջ, կունենան իրենց արդյունքը, կզարգացնեն տնտեսությունը», - ասաց Դավիթ Անանյանը։
«Դե դա պարզապես հրաշալի է», - արձագանքեց Արարատ Միրզոյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ այդ նույն տնտեսվարողները, որոնց վերադարձվում է 56 մլրդ դրամ, որքա՞ն պարտք ունեն պետությանը։
Ի պատասխան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ տնտեսվարողների կողմից չմարված, ժամկետանց պարտքը 1.4 մլրդ է կազմում։ Տնտեսվարողներին տրվող 56 մլրդից շուրջ 5 մլրդը սնանկության վարույթում գտնվող 181 ընկերության է պատկանում։ Այդ ընկերություններից երկուսը՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ն և «Արմավիա» ընկերությունը, պետությանը պարտք են 47 մլրդ դրամ. 10 մլրդ՝ «Նաիրիտը», 37 մլրդ՝ «Արմավիան». այդ գումարի 98 տոկոսը հավաքագրված օդի տուրքն է, որը չի վերադարձվել պետությանը։ Անանյանի խոսքով՝ այս գումարները տնտեսվարողներին վերադարձվող 56 մլրդ-ի մեջ չեն մտնում։
«Եթե պատկերավոր ասեմ, ստացվում է այսպես. 50 մլրդ վերադարձնելու ենք տնտեսվարողներին և ակնկալելու ենք, որ 1.4 մլրդ դրամ պարտք կվերադառնա պետբյուջե՝ հարկի տեսքով։ Ըստ էության դա էլ վատ չի, որովհետև շրջանառու միջոցներ է խնայելու տվյալ տնտեսվարողը, որը կարող է այլ նպատակներով օգտագործել», - հավելեց Անանյանը։