20/09/2019 17:12
Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ)
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր գրավով ազատ արձակել նախկին նախագահին՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Նույն դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել էր պաշտպանների նույնաբովանդակ մեկ այլ միջնորդություն. այդ ժամանակ փաստաբանները դատարանից պահանջում էին Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի հայտնի որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել Քոչարյանին կալանքից։ Ի դեպ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը փաստաբանների խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։