21/09/2019 14:22
Վստահորեն կարող եմ ասել, որ դատական համակարգի վրա որևէ ճնշում չկա. ԲԴԽ նախագահ
Հավատացեք, արվում է ամեն ինչ, որպեսզի ունենանք այնպիսի դատարան, որ մեր բնակչությունը, լսելով կամ կարդալով, որ ՀՀ որևէ դատարան որոշում է կայացրել, առանց որևէ կասկածի կամ վերապահման, ընդունի, որ դա ճշմարիտ է և համապատասխանում է իրականությանը և օրենսդրությանը, Գյումրիում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«Ես վստահաբար պնդում եմ, որ մենք ունենք նորմալ դատական համակարգ, իհարկե, թերություններով, բայց մեր դատական համակարգը բավական կայուն է։ Կան թերություններ, որոնց շտկման ուղղությամբ հիմա ակտիվ գործողություններ են կատարվում», - ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ ավելացնելով, որ վստահորեն կարող է ասել, որ դատական համակարգի վրա որևէ ճնշում չկա։
«Երբեք դատական համակարգը այսքան ազատ ու անկախ չի եղել», - ասաց ԲԴԽ նախագահը։