23/09/2019 11:28
Կա տվյալ, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ 1.5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող ընկերություններից մեկին. Մանե Թանդիլյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությունից, մինչև օրինագծի քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ Այժմ ԱԺ նիստի աշխատանքները ընդմիջվել են։
Օրենսգրքում կատարված փոփոխությամբ կառավարությունը, հիշեցնենք, պատրաստվում է 56 մլդր 443 մլն դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել շուրջ 2835 տնտեսվարողի։ Նրանցից 183-ը խոշոր ընկերություններ են։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է օրինագծին՝ պահանջելով հրապարակել այն տնտեսվարողների անունները, որոնց պետք է վերադարձվեն գումարները։
Այսօրվա նիստում իր հայտարարության ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի, թե այդ տնտեսվարողներից մեկը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։
«Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարներից զգալի մասը՝ 1.5 մլրդ դրամ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող ընկերություններից մեկին, որն այս պահին սնանկության մեջ չէ։ Ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող մի ընտանիք, ընտանիքի անդամներ, որի կազմակերպությանը վերադարձվելու են գումարներ։ Ես ունեմ տեղեկություններ, որ դա միակը չէ։ Ես պնդում եմ, որ պետք է դադարեցնենք այս քննարկումը ու հրապարակենք այդ ընկերությունների ցուցակները, որոնց վերադարձվելու են բյուջեից գումարներ։ Գոնե փակ ռեժիմով պետք է իմանանք՝ ում են վերադարձվում այդ գումարները։ Այդ տեղեկությունը պետք է պատգամավորներին հաղորդել, որպեսզի հասկանաք՝ ում են բյուջեից գումարներ գնալու», - հայտարարեց Մանե Թանդիլյանը։
Այս հայտարարությունից հետո, երբ օրինագիծը դրվեց քվեարկության, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հիմնվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վրա։