23/09/2019 17:00
Աշխարհասփյուռ հայությանը հայրենիք վերադարձնելու համար նախևառաջ կայուն տնտեսություն է հարկավոր. քաղաքագետ
Վերջին մեկուկես տարվա ընթացքում իշխանությունների կողմից չի եղել մի քայլ, որն աշխարհասփյուռ հայերին կշահագրգի վերադառնալ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով լոսանջելեսյան ասուլիսում ՀՀ վարչապետի հայտնած այն մտքին, որ աշխարհի բոլոր հայերը պետք է ՀՀ անձնագիր ունենան։
«Նման հայտարարությունները պղտոր ջրում ձուկ որսալու նման բան են։ Երբ գործող իշխանությունները քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ, միայն այդ ժամանակ կկարողանանք ասել՝ այդ ամենն իր արդյունքը կտա, թե ոչ։ Այս պահի դրությամբ ՀՀ անձնագրեր ունենալու հայտարարությունն ընդամենը միտք է, որն արտահայտել է Նիկոլ Փաշինյանը։
Դրանից այն կողմ ես որևէ քայլ չեմ տեսել, որ կձեռնարկեին թե նախկին, թե ներկա իշխանությունները՝ հատկապես, որ դա գործող իշխանությունների ծրագիրն է։ Իրենք էլ հենց այս մեկուկես տարվա ընթացքում պետք է ձեռնարկեին։ Տեսնենք՝ Լոս Անջելեսից վերադառնալուց հետո ՀՀ Վարչապետն այս ուղղությամբ ինչ քայլեր կձեռնարկի», - նշեց մեր զրուցակիցը։
Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ աշխարհասփյուռ հայությանը հայրենիք վերադարձնելու համար մի շարք նախապայմաններ են անհրաժեշտ՝ նախևառաջ կայուն տնտեսություն։
Ըստ քաղաքագետի՝ պակաս կարևոր չէ նաև նրանց նույն իրավունքերով օժտելը, ինչով օժտված են ՀՀ մյուս բոլոր քաղաքացիները։
«Դրսի հայերին միայն ընտրելու և ընտրվելու իրավունք չէ, որ պետք է տրվի։ Նրանք չպետք է զուտ օտարերկյա ներդրողներ դիտարկվեն։ Սփյուռքահայ մեր հայրենակիցները պետք է որոշ չափով ներգրավեն պետական ապարատում։ Իսկ սա շատ երկարատև և բարդ գործընթաց է», - ամփոփեց մեր զրուցակիցը։