23/09/2019 15:54
Չի բացառվում սցենարի կրկնությունը, որով Հայաստանի առաջին նախագահը հեռացվեց իշխանությունից. Դաշնակցական Արմեն Ռուստամյան
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը չի բացառել սցենարը, որով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից։
Դաշնակցական գործիչը russia-artsakh.ru կայքին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Նոր կառավարությունը չի նախանշել ու չի սահմանել իր ռազմավարությունը: Կա չհասկացվածություն, չկան հստակ առաջնահերթություններ: Նոր իշխանությունների հետ կան տարաձայնություններ, այդ թվում՝ Արցախի հարցում: Հարկավոր է, որ իշխանությունները հստակորեն նախանշեն, թե ինչպես են պատրաստվում վարվել ու լուծել Ղարաբաղյան խնդիրը, կարգավորել հակամարտությունը: Փաշինյանը պետք է բարձրաձայնի, թե ինչ է մտադիր անել, այլապես չի բացառվում սցենարի կրկնությունը, որով Հայաստանի առաջին նախագահը հեռացվեց իշխանությունից»:
Անդրադառնալով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը` Ռուստամյանն ասել է, որ դրա հավանականությունը միշտ էլ կա, քանի որ ամեն օր Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական հզորությունը, սահմանների մոտ զորավարժություններ է անցկացնում:
«Ադրբեջանը փորձում է վախեցնել հայկական կողմին՝ քիչ մտածելով այն մասին, որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լայնամասշտաբ օպերացիաների և, որպես արդյունք, փոխադարձ լիակատար ոչնչացման: Նման ելք Ադրբեջանին հարկավոր չէ, սակայն նա պետք է գիտակցի, որ եթե պայքարում է տարածքի համար, ապա Արցախն ու Հայաստանը պայքարում են ապրելու իրավունքի համար և, հանուն դրա, ամեն ինչի կգնան:
Նրանց թվում է, թե, սպառազինություններն ավելացնելով, նորատիպ զինատեսակներ ձեռք բերելով, կարող են հարցը ուժով լուծել, սակայն Ղարաբաղյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակի քաջությունն ու խրոխտությունը վայրկյանապես չքվում են, երբ բախվում է հմուտ հակառակորդի, նպատակաուղղված ու լավ զինված իսկական զինվորականների հետ: Մենք այսօր Հայաստանում ապրում ենք «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» ասացվածքով, և դրանից չես փախչի», - ասել է քաղաքական գործիչը: