23/09/2019 12:05
2000-ից ավելի տնտեսվարողի պարտք վերադարձնելու մասին օրինագիծը ԱԺ-ն ընդունեց
Կառավարության առաջարկությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց։ Փաստաթղթին կողմ քվեարկեցին նաև ընդդիմադիր խմբակցությունները՝ ընդհանուր առմամբ 92 պատգամավոր։
Օրենսգրքում կատարված փոփոխությամբ կառավարությունը, հիշեցնենք, պատրաստվում է 56 մլրդ 443 մլն դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել շուրջ 2835 տնտեսվարողի։ Նրանցից 183-ը խոշոր տնտեսվարող է։ Կառավարությունը նախագիծը ներկայացնելիս հիմնավորել էր, որ այսպիսով պետությունը վերադարձնում է մինչև 2017 թվականը կուտակած պարտքերը՝ դրանով իսկ փորձելով տնտեսությանը աշխուժություն ներարկել։
Ընդդիմադիր խմբակցությունները, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում էր կառավարությունից հրապարակել այդ խոշոր ընկերությունների անունները, որպեսզի հասկանալի լինի՝ ում են բյուջեից գումարներ հատկացվելու։ Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ իր ունեցած տվյալներով, այդ տնտեսվարողներից մեկը Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող ընկերություններից մեկն է, իսկ նրա եղբայրը քրեական մի գործով հետախուզման մեջ է։ Սակայն ՊԵԿ նախագահը չէր հայտնել՝ հիմնվելով «Բակային գաղտնիքի մասին» օրենքի վրա։
«Մեր խմբակցությունը կողմ է նախագծին՝ կիսելով հնչեցված մտահոգությունները։ Խոշոր ընկերությունները, որոնք 40 մլրդ-ից ավելի պարտք պետք է ստանան, լինելու են մեր խմբակցության խոշորացույցի տակ։ Մենք հետևողականորեն պահանջելու ենք, որ ՊԵԿ-ի կողմից ստուգումների բոլոր տվյալները, որոնք բաց կլինեն։ Մենք պետք է ունենանք հստակ տվյալներ, որ գումարները հասնեն նշանակետին», - քվեարկությունից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խորհրդարանը չի կարող չիմանալ՝ ում է գումար տալիս։
«Մենք հետևողական ենք լինելու ստանալ այդ տնտեսվարողների ցանկը։ Հետո՝ ՊԵԿ-ի ղեկավարին մենք հրավիրելու ենք խմբակցություն՝ ստանալու այդ տնտեսվարողների ցանկը։ Բացի այդ, ՊԵԿ-ի ներկայացուցիչը երաշխավորեց, որ այս օրենքով սահմանված կարգով 40 մլն դրամից բարձր այն ընկերությունները, որոնք ստանալու են գումարը, պետք է անցնեն համապատասխան ուսումնասիրություն։ Այն ընկերությունները, որոնք ժամանակին արտոնյալ պայմաններ ու մոնոպոլ դիրք են ունեցել ու այս գումարները գոյացրել են, չպետք է դրանք հետ ստանան։ Խոսքը նաև այն մարդկանց մասին է, ովքեր հենց հիմա քրեական հետապնդման են ենթարկվում», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
ԱԺ «Իմ քայլից» Եղիշե Սողոմոնյանը իր հերթին հայտարարեց, որ ընդդիմության ու, մասնավորապես, Մանե Թանդիլյանի մտահոգությունները կիսում են ու հավելեց, որ 5 մլն-ից ավելի գումարները վերադարձվելու են հստակ ընթացակարգով, մանրամասն ուսումնասիրություններից հետո։ Ըստ պատգամավորի, եթե լինեն խախտումներ, գումար պարզապես չի փոխանցվի։
«Մենք խտրական մոտեցում չենք կարող դնել, օրենքը բոլորի համար հավասար պետք է գործի», - նշեց իշխանական խմբակցության պատգամավորը։