24/09/2019 10:43
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը (Տեսանյութ)
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։
Այն հանձնաժողովին ներկայացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ լինելը, եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ Արդարադատության նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նախագահ։ Բոլորիս համար գաղտնիք չէ՝ ինչպիսի փոխկապակցված շահեր ուներ ՀՀԿ-ն դիմումատու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ մասին նշվում է հենց ՍԴ ներկայացրած դիմումում», - ներկայացնելով ՍԴ-ին ուղղված դիմումի հիմքերից մեկը` ասաց Գրիգորյանը։
ՍԴ նախագահ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերից մյուսը Հրայր Թովմասյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկի՝ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններն են։ Գրիգորյանի խոսքով` այդ հարաբերությունները կարող են օբյեկտիվ կասկած հարուցել դատավորի անաչառության վերաբերյալ։
ՍԴ դիմում ներկայացնելու երրորդ հիմքը, ըստ Գրիգորյանի, մարտի 1-ի վերաբերյալ նախկին տարբեր կարծիքներ հնչեցնելն է։ Բացի այդ, պատգամավորի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։
Նկատենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է ներկայացվող նախագծին։ ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին», տեղեկացրել էր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։